38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Էջմիածինցիներն ընտրություն չեն անում, հեղափոխություն են անում»

«Էջմիածինցիներն ընտրություն չեն անում, հեղափոխություն են անում»
10.10.2008 | 00:00

ՀԱՄԲԵՐԱՆՔԻ ՉԻԲՈՒԽ
Խոսքը ՀՀ նախագահի արտահերթ ընտրությունների մասին չէ, ոչ էլ գունավոր կամ, ինչպես ընդունված է ասել, նարնջագույն հեղափոխության։ ՏԻՄ ընտրությունների մասին է խոսքը: Ավելի կոնկրետ` Էջմիածնի քաղաքապետի, որի փոփոխության հրամայականը տեղացիների համար «լինել-չլինելու» համլետյան դրամատիկ հարցադրման արժեք է ձեռք բերել: Շատ չեղա՞վ` կհարցնեք: Եվ ճիշտ էլ կանեք, որովհետև երբ ստեղծված դրամատիկ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով երեկ այցելեցինք Էջմիածին` հընթացս ներկա գտնվելով բնակիչների հետ քաղաքապետի թեկնածու, ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի հանդիպմանը, միջոցառումն սկսվելուց առաջ նույն հարցն ուղղեցինք մշակույթի պալատի շրջակայքը պաշարած էջմիածինցիներին:
Ավելի ճիշտ, սկզբում չներկայացանք որպես մամուլի ներկայացուցիչ, ընդամենը, թումանյանական «չարչու կերպարանք մտած», նախ ականջ դրեցինք, թե ինչ են խոսում Հակոբ Հակոբյանի «գալստյանը» սպասող վաղարշապատցիները: Նրանք էլ, նույն թումանյանական «ջուղայեցոց» նման, խոսքները մեկ արած «յախա էին թափ տալիս» Էջմիածինը սեփական բոստանի պես վարող-ցանող, առնող-ծախող, քաշող-քամող մանվելական դինաստիայից: Քիչ էր մնում՝ հայտնի պոեմի շահաբասյան հարցն ուղղեի ԵԿՄ դեռևս գործող նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդի, քաղաքապետի թեկնածու Կարեն Գրիգորյանի նկատմամբ թշնամանքով ու չարությամբ լցված հոգևոր մայրաքաղաքի բնակիչներին. «Վա՛հ, էսքան էլ զզվա՞ծ լինի մարդ, ի՞նչ է արել Կարենը ձեզ վատ»... «Իսկ ի՞նչ չի արել, քուր ջան...»,- վրդովված վրա պրծան մի խումբ տեղացի կանայք ու, իրար հերթ չտալով, սկսեցին թվարկել: Գրիգորյանական կլանի ապօրինությունների մասին վկայող ինքնաբուխ այդ հեղեղը կանխելու համար հարցրինք. «Իսկ ավելի կոնկրե՞տ»։ Ավելի կոնկրետ խոսեց Էջմիածնի բնակչուհիներից մեկը, ով թեև չցանկացավ անուն-ազգանունով ներկայանալ, սակայն վստահ ասաց, թե գործող քաղաքապետ Գագիկ Ավագյանն էլ, Կարեն Գրիգորյանն էլ անսխալ գլխի կընկնեն, թե ով է իրենց դեմ սրտում կուտակված մաղձը թերթի միջոցով դատարկում։
«Քաղաքապետի նախորդ ընտրություններում Ավագյան Գագոյին ընտրեցինք՝ իմանալով, որ ինքը լավ անձնավորություն է,- ասաց երիտասարդ կինը։- Ի՞նչ իմանայինք, որ նրա փոխարեն Մանվել Գրիգորյանն ու իր տղան՝ Կարենը, պիտի ղեկավարեն Էջմիածինը։ Քաղաքապետի աթոռին նստեց թե չէ՝ 320 տաղավար քանդեց-շպրտեց մի կողմ, իբրև թե եվրոպական չափանիշներին համապատասխան նոր տաղավարներ տեղադրելու և դրանք կրկին իրենց տերերին վերադարձնելու նպատակով։ Տերերից մեկն էլ ես էի, հա՛մ տաղավար ունեի, հա՛մ մի փոքրիկ ճաշարան, փառք Աստծո, աշխատում, գլուխներս լավ-վատ պահում էինք։ Հիմա, հավատացեք, հացի փող էլ չունեմ։ Երկու տարեկան փոքր երեխա ունեմ, քանի անգամ գնացել եմ քաղաքապետարան, իրենք ինձ դուրս են շպրտել։ Երբ երեխաս վեց-յոթ ամսական էր, մայրս էլ է բարուրը գրկած գնացել մոտները և ի՞նչ... «Դուրս կորի էստեղից, թե չէ շան թուլի նման ականջներդ կկտրեմ»,- սա է եղել Կարեն Գրիգորյանի պատասխանը։ Ես տարեց կնոջը բարուրի երեխայի հետ իր աշխատասենյակից դուրս շպրտող մարդուն ո՞նց ընտրեմ քաղաքապետ։ Երբեք չեմ ընտրի։ Ո՛չ մեկը չի ընտրի, որովհետև Մանվելն ու իր «շայկան» ողջ Էջմիածինը վառել-թափել են։ Երանի էն օրվան, երբ իրականում կպրծնենք էդ բաշիբոզուկներից»։
ՈՒ մինչ կանայք սիրտները ելած խոսում, բողոքում, սրտնեղում էին, մշակույթի պալատի շրջակայքն արագորեն լցվում էր մարդկանցով։ Հետաքրքիրն այն է, որ շատերը հանդիպումից ընդամենը մեկ-երկու ժամ առաջ էին լսել Հակոբ Հակոբյանի հետ ընտրողների հանդիպման մասին ու ընտանիքներով, հարևան-խնամի-ծանոթ-բարեկամներով, մեծուպստիկով ճանապարհ ընկել Էջմիածնի կենտրոն։ Շատերը՝ մոտակա գյուղերից, ոմանք՝ Մուսալեռից, Արևաշատից, Փարաքարից, Զվարթնոցից։ Կային նաև սպիտակ մեխակներով «զինված» համակիրներ։ «Ա՛յ մարդ, Լևոնի վերջին հանրահավաքին Հյուսիսային պողոտայում էսքան մարդ չկար»,- կատակեց տղամարդկանցից մեկը։ «Հա՜, էլի»,- համաձայնեցին մյուսները։
Քաղաքապետի թեկնածու Հակոբ Հակոբյանն էլ չուշացավ։ Նրա հետ հանդիպման էր եկել նաև այս ընտրություններում միակ կին թեկնածուն՝ անկուսակցական Թամարա Թադևոսյանը։ Նրան էլ հենց տրվեց «առաջին ձայնի» իրավունքը։
«Հարգելի ժողովուրդ, սիրելի էջմիածինցիներ, առաջիկա ընտրություններում ես առաջադրել եմ իմ թեկնածությունը և իմ հանդիպումների ընթացքում եկել եմ այն եզրակացության, որ Էջմիածին քաղաքում կա մի մեծ ընտրազանգված, որը պատրաստ է իր ձայնը տալու Հակոբ Հակոբյանին։ Բացի այդ, կա նաև մեկ այլ հանգամանք. դա այն է, որ Էջմիածին քաղաքը դեռևս պատրաստ չէ այդ պաշտոնում տեսնելու կին թեկնածուի։ ՈՒստի ես իմ թիմով, քաղաքական բազմաթիվ քննարկումներից հետո, եկա այն եզրահանգման, որ պետք է միանանք Հակոբ Հակոբյանին և հոկտեմբերի 19-ի ընտրություններում պաշտպանենք նրա թեկնածությունը։ Խնդրում եմ իմ բոլոր համախոհներին, համակիրներին, իմ կողքին կանգնած մարդկանց իրենց ձայնը տալ Հակոբ Հակոբյանին»։
Ինքնաբացարկ ներկայացրած Թամարա Թադևոսյանը ներկաներին ավելորդ անգամ հիշեցրեց, որ չկա էջմիածնեցի մի ընտանիք, որին օգնության ձեռք մեկնած չլինի ԱԺ նախկին պատգամավորն ու տվյալ պահից սկսած՝ իր և իր թիմի պաշտպանյալ թեկնածուն։ «Ամենածանր տարիներին նա մեկնել է իր բարի ձեռքը կարիքի մեջ հայտնված յուրաքանչյուր ընտանիքի, կարողացել է շահել բոլորի սրտերը, իր շուրջը հավաքել բազմաթիվ մարդկանց»,- իր խոսքը եզրափակեց տիկին Թադևոսյանը՝ հավելելով, թե «ինքն այս մարդուն հարգում է նաև որպես կայացած բիզնեսմենի»։
Հա, մի բան էլ։ Թերևս, ամենակարևորը Թամարա Թադևոսյանի հակիրճ ելույթում. «Հաշվի առնելով մեր քաղաքում ստեղծված իրավիճակը, որպեսզի խաղաղ, հանգիստ, վստահ ու բարի մթնոլորտում անցնեն այս ընտրությունները, ես կոչ եմ անում բոլորիդ՝ հոկտեմբերի 19-ին գնալ ընտրատեղամասեր և ասել ձեր վճռական խոսքը։ Առա՛նց վախենալու։ Ինձ թվում է՝ բոլորիդ մեջ վախի ու սարսափի այդ զգացողությունն արդեն վերացել է։ Մենք պիտի ստեղծենք այնպիսի քաղաք, էջմիածնեցին պիտի ունենա այնպիսի ապագա, որ քայլի իր քաղաքի փողոցներով վստահ ու հանգիստ։ Բարության մթնոլորտում պիտի ապրենք»։
Իր երեկվա մրցակցի ու այսօրվա համախոհի չբացած փակագծերը բացելով՝ Հակոբ Հակոբյանն իր խոսքը բավականին կոշտ շեշտադրումներով սկսեց։ «Մենք ոչ թե ընտրությունների ենք գնում, այլ գնում ենք հեղափոխության։ Գնում ենք ազատագրելու մեր քաղաքը։ Որովհետև մի խումբ մարդիկ, իրենց ընտանեկան բիզնեսի համար ծառայեցնելով էս քաղաքն ու քաղաքապետարանը, փորձում են ժողովրդին էլ ծառայեցնել իրենց։ Բայց էջմիածնեցին չի՛ ծառայելու։ Էջմիածնեցին լինելու է էս քաղաքի տերը։ Եթե ինչ-ինչ քաղաքական դրդապատճառներով քաղաքին ժամանակավորապես տիրել են էս մարդիկ, հիմա մենք գալու ենք ու ձեզ հետ միասին թույլ չենք տալու, որ սրանք իրենց բիզնեսը ծաղկեցնեն մեր հաշվին։ Դուք լավ եք հիշում՝ Էջմիածնում երբեք նման բան չի եղել, որ մարդ մահանա, ու գերեզմանի համար հող ծախեն։ Էսօր էս մարդիկ ուրիշի դժբախտության վրա էլ են ուզում փող աշխատել, հազար դոլարով գերեզմանատեղ են վաճառում։ Ի՞նչ է, էջմիածնեցին իրավունք չունի՞ իր հարազատ քաղաքում մի կտոր հող ունենալու։ Ալան-թալանի են վերածել ամեն ինչ։ Էդ «բուդկեքը» քանդեցին, տեղերը տվեցին իրենց նազիր-վեզիրներին։ Մենք գալու ենք էդ խլածը դրանց ձեռքից հետ վերցնենք։ Ես կոչ եմ անում ալան-թալանի բոլոր մասնակիցներին՝ անպայման ինձ դեմ քվեարկեք, որովհետև մեկ է, շորթածներդ հետ եմ վերցնելու ու տալու եմ ժողովրդին։ Հիմա, էս նախընտրական փուլում, կանչում են մարդկանց, վախեցնում՝ ընտրեք Կարենին, թե չէ պրոբլեմ կունենաք։ Եթե պրոբլեմներ ստեղծող եք, եկեք մեզ մոտ ստեղծեք, խեղճուկրակ ժողովրդի հետ գործ չունեք։ Տասը-տասնհինգ օր հետո, ժողովուրդ, դո՛ւք եք թելադրողը լինելու, որովհետև էս քաղաքը ձեզ հետ միասին վերադարձնելու եմ ձեզ։ Որովհետև ցանկացած իմ հանդիպումը ցույց է տալիս, որ ժողովուրդն իմ թիկունքին կանգնած է։ Ես էլ իմ ժողովրդի թիկունքին եմ կանգնած։ Մեզ կոտրել հնարավոր չէ։ Համոզված եղեք, անպատիժ մարդ չենք թողնելու էս քաղաքում»։
Մարտաշունչ ոգով այս ելույթից հետո Հակոբ Հակոբյանը վաղվա ընտրողներին տեղեկացրեց հաղթելու իր շանսերը գրեթե անխոցելի դարձնող մեկ այլ իրողության մասին։ ՀՀԿ-ի կոալիցիոն դաշնակից «Բարգավաճ Հայաստանը» ևս քաղաքական որոշում է կայացրել՝ հոկտեմբերի 19-ի ընտրություններում սատարել Հանրապետականի պաշտպանյալ թեկնածուին։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 5101

Մեկնաբանություններ